Փրկված մասունքներ
21.02.2020 | 00:45
Հայ մշակույթի նշանակալի երևույթներից են հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ 1200-1202 թվերին Երզնկայի Ավագ վանքում գրված ու ծաղկված «Մշո ճառընտիր»-ը և Մշո Առաքելոց վանքի 1134 թվին հորինված փայտե փորագիր դուռը: Առաջինը մշտապես ցուցադրվում է Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանում, երկրորդը՝ Հայաստանի պատմության թանգարանում: Եղեռնի տարիներին «Ճառընտիր»-ի՝ Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան տեղափոխվելու մասին վաղուց շրջանառվում է գեղեցիկ ավանդազրույց, որը նաև գալիք ժամանակներում գոյության իրավունք ունի: Երևելի մագաղաթյա ձեռագիր մատյանին և կիրառական արվեստի նմուշ հանդիսացող քանդակազարդ դռանը անդրադառնալ անհրաժեշտ ենք համարում դրանց փրկությունն ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի անվան հետ կապված լինելու և հերոսապետի ծննդյան 155-ամյակի առթիվ:
«Գեղարուեստ» ամսագիրը (1917 թ. N6) հայտնում է, որ Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հանձնարարությամբ 1916 թվականին Արևմտյան Հայաստան է գործուղվել ակադեմիկոս Ն. Մառի աշակերտ պատմաբան, հնագետ, աղբյուրագետ-վիմագրագետ Սմբատ Տեր-Ավետիսյանը, որն իր ուսուցչի կազմած ծրագրերով, գիտական ուսումնասիրություններ կատարելուն զուգընթաց, «պատերազմական վայրերից ազատեց բաւական թուով հայերեն գրչագիրներ և եկեղեցական հնութիւններ, որոնք ուղարկուեցին Էջմիածին: Իսկ Տարօնի ս. Առաքելոց վանքի հռչակաւոր քանդակազարդ դուռը, որը հրից և աւերից ազատուելը պարտական ենք պ. Տէր-Աւետիսեանին, ժամանակաւորապես տեղադրուեց Կովկասեան թանգարանում»:
Երկար ժամանակ այս մոռացված մեծավաստակ հայագետը Հայաստանի ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության 2010 թ. լույս ընծայած «Հնագիտական հետազոտություններ» գրքում հայտնում է, որ 1916 թ. ռուսական բանակների՝ թուրքական ռազմաճակատում նոր առաջխաղացման ժամանակ ինքն այցելել է Տարոն և հարևան շրջաններ, որոնց հայ բնակչությունը գրեթե ամբողջովին կոտորված էր, իսկ հայ մշակույթի օջախները պայթեցված ու եղծված էին: Մուշում փախստականները հայտնում են, որ մշակութային շատ արժեքներ, նաև Առաքելոց վանքի նշանավոր դուռը, ինչ-որ տեղ են տարել գերմանացիները: Ս. Տեր-Ավետիսյանը դուռը գտնում է Բիթլիսում և իր միջոցներով ուղարկում Թիֆլիս՝ «Հայոց ազգագրական ընկերությանը»: Նա նաև հայտնում է, որ վաղուց երկու մասի բաժանված մագաղաթյա «Մշո ճառընտիր» մատյանի մեկ հատորը ռուս սպաները հասցրել են Թիֆլիս և նվիրել «Հայոց ազգագրական ընկերությանը», իսկ մյուս մասը մի քանի տարի անց ինքը Գարեգին Լևոնյանի հետ գտել է Թիֆլիսում, մասնավոր անձի մոտ և ուղարկել Երևան:
Սակայն վերն ասվածն ամբողջը չէ՝ կապված հայ մշակույթի այդ երկու նշանավոր ստեղծագործությունների փրկության պատմության հետ: Մինչ այժմ մասնագետների ուշադրությունից վրիպել է իրադարձությունների ժամանակակից Կարո Սասունու վկայությունը: 1966 թ. Բեյրութում լույս տեսած «Արևմտահայաստանը Ա. աշխարհամարտի ընթացքին» իր աշխատության մեջ նա հայտնում է, որ հայերին եղեռնազարկելիս թուրքերն ու քրդերը՝ որպես մարդակեր բորենիներ, գնացել են առջևից, իսկ նրանց ուսուցիչ և ոգևորիչ գերմանացիները՝ որպես գիշանգղեր, հետևից: Առաջինները, անխնա կոտորելով երկրի բնիկներին և ավերելով շեները, թալանել են նրանց ունեցվածքը, եկեղեցիներում պահվող մշակութային կերտվածքները, որոնք անմիջապես «ջրի գնով» ձեռք են գցել և հանգիստ խղճով իրենց հայրենիք տեղափոխել քաղաքակիրթ գերմանացիները:
Լսենք 1916 թվի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների ականատես Կ. Սասունուն. «Մուշի մէջ կարգ մը կարգադրութիւններէն ետք, Զօր. Նազարբէգեան եւ Անդրանիկ կը վերադառնային Բիթլիզ: Այդ օրերուն, անոնց տեղեկութիւններէն յայտնի կըլլայ, որ Առաքելոց վանքի պատմական դուռը, որ գերմանացիները իրենց հետ տարած են մինչեւ Բիթլիզ, եւ յանկարծական նահանջի պատճառաւ հոն լքած էին, գտնուած էր եւ ռուս սպաներու կողմէ ղրկուած էր Մոսկուա: Նոյնպէս ազատուած էր նոյն վանքի Ճառընտիրը և փոխադրուած Մոսկուա: Այժմ այդ թանկագին յիշատակարանները կը գտնուին Երևան պետական թանգարանի մէջ»:
Կ. Սասունին սակայն չի իմացել, որ նշանավոր մագաղաթյա մատյանը և Առաքելոց վանքի դուռը չեն տարվել Մոսկվա, այլ հայրենադարձվել են Թիֆլիսից, իսկ դռան հետ առնչություն չեն ունեցել ռուս սպաները: Սմբատ Տեր-Ավետիսյանը կարևոր լրացում է կատարել: Հայերից հափշտակված մշակութային գործերը գերմանացիներն ի պահ տված են եղել Օտոմանյան բանկի Բիթլիսի մասնաճյուղին, որ հարմար պահի տեղափոխեն Եվրոպա: Սակայն ռազմաճակատում հօգուտ ռուսների փոխվում է իրավիճակը: Հայ մշակույթի այս հրաշակերտ մասունքներն իր հայրենապաշտ զինվորներով ազատագրել և հարազատ ժողովրդին է վերադարձրել մեր աներկրորդ հերոս Անդրանիկը: Իսկ դա տեղի է ունեցել այսպես:
1916 թ. սկզբին թուրքական ռազմաճակատում ձեռնարկած լայնածավալ հարձակման շնորհիվ ռուսական բանակը հասնում է Բիթլիսի մատույցներին: 1924 թ. Բոստոնում լույս տեսած «Զօրավար Անդրանիկի Կովկասեան ճակատի պատմական օրագրութիւնը» աշխատության հեղինակը հայտնում է, որ քաղաքին հասած ռուսական գնդի հրամանատար Աբացևը վերին հրամանատարությանը հեռագրում է, թե անկարելի է Բիթլիսը գրավել սաստիկ խոր ձյան, մարդկանց համար ուտելիք և ձիերի համար կեր չունենալու պատճառով, ուստի պիտի նահանջի: Իսկ Անդրանիկը գնդապետ Ֆիլիպովի միջոցով կորպուսի ընդհանուր հրամանատարին հեռագրեց. «Գլխովս կերաշխավորեմ, որ կարելի է Բիթլիսը գրաւել անմիջապէս»: Ստացվում են Բիթլիսը գրավելու հրամանը և հայ կամավորներին օգնելու համար ուղարկված ռուս զինվորների գումարտակը:
Փետրվարի 18-ի ուշ երեկոյան Անդրանիկն այս սահմանափակ ուժերն աննկատ մոտեցնում է քաղաքին, յուրաքանչյուրին տալիս հանձնարարություն, խրախուսում իր հրեղեն խոսքով: 19-ի վաղ առավոտյան սկսվում է խնամքով մշակված հնարամիտ հարձակումը, իրենց խրոխտ «ուռա»-ներով և հրացանազարկերով անդրանիկյանները խուճապի են մատնում հակառակորդին ու մինչև լուսաբաց գրավում քաղաքը: «Մենք Պիթլիսէն վերցուցինք 24 թնդանոթ, տասնեակ միլիոն փամփուշտ, 1300 թուրք գերիներ, մոտաւորապէս 1400 ձի ու ջորի, 300 հայ կիներ եւ երեխաներ թուրքերու տուներէն հանեցինք եւ Վան ղրկեցինք,- հայտնում է օրագրությունը կազմողը:- Մեր Պիթլիս մտնելէն վեց ժամ վերջ մեր ետեւեն յառաջացող 8000 ռուս զինուորները Պիթլիս մտան: 35 թուրք զինուորական պաշտօնեաներ շապիկով եւ շապիկընկերով բռնեցինք»:
Առաջին աշխարհամարտի այս սխրալի գործողության շնորհիվ ոչ միայն հայ կամավորներից հերթական խայտառակ պարտությունն են կրում թուրքերը, այլև գերությունից ազատվում են Բիթլիսի 16000 հայերից ողջ մնացած 300-ը, հազարավոր ձեռագիր մատյաններ, գորգեր, եկեղեցական սպասքի առարկաներ, կիրառական արվեստի գործեր, դրանց հետ՝ «Մշո ճառընտիր» մագաղաթյա մատյանը և Առաքելոց վանքի փայտե դուռը: ՈՒստի հետայսու Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցներն այցելուներին բացատրություններ տալիս նշանավոր մատյանին և դռանը մոտենալիս պիտի ասեն, որ դրանք իր քաջարի ֆիդայիների հետ գերությունից ազատել է ազգային հերոս Անդրանիկը:
Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարներ
Մեկնաբանություններ